Լևան Իզորիա. ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Վրաստանին Javelin-ների վաճառքին

Դեկտեմբերի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան խորհրդարանում ներկայացրել է 2017 թ. գործունեության զեկույցը: Իզորիան հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը արդեն հավանություն է տվել Վրաստանի զինուժին Javelin հակատանկային հրթիռային համալիրների վաճառքի որոշմանը:Իզորիայի հայտարարությունը փոխանցում է վրացական Interpressnews լրատվակայքը:

«Մենք արդեն կարևոր հաջողություն ենք գրանցել «Ջավելին» հակատանկային հրթիռային համալիրների հարցում. այս տարվա մարտի 29-ին ինձ պատիվ վերապահվեց գրավոր ձևաչափով դիմել ԱՄՆ Կոնգրեսին: Այդ տեղեկությունը հանրայնացվեց նոյեմբերին:

Քաղաքական որոշումն ընդունվել է, և ես ցանկանում եմ այսօր առաջինը հայտնել, որ երեկ [դեկտեմբերի 19-ին՝ Razm.info] ԱՄն Կոնգրեսը դրական որոշում ընդունեց [Վրաստանին այդ համալիրների վաճառման հարցում՝ Razm.info]: Ես իմ ձեռքում ունեմ որոշման բնօրինակը, այնպես որ որոշումը վերջնականապես ընդունվել է», – հայտարարել է Վրաստանի ՊՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն էր տվել Վրաստանին Javelin համալիրներ վաճառելու մասին որոշմանը: Այն ուժի մեջ մտնելու համար պետք է ընդունվեր ԱՄՆ Կոնգրեսում:

Մատակարարումների արժեքը գնահատվում է 75 մլն դոլար: Վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ է ներկայացրել: Համալիրները Վրաստանին կտրամադրվեն ԱՄՆ բանակի պահուստից:

Ավելացնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություների հանձանժողովի քննարկմանն էր ներկայացվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների և հրթիռների վաճառքի նկատմամբ արգելք սահմանելու մասին օրինագիծ: Սրա վերաբերյալ առայժմ թարմ տեղեկություններ չկան: Վերջին տեղեկությամբ՝ բանաձևը դեռ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում է:

Javelin հակատանկային հրթիռային համալիր

Javelin հակատանկային հրթիռային համալիր

Հավելենք, որ ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաև Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումների պատրաստության կուրսեր: 2018 թ. ամերիկացի հրահանգիչների ղեկավարությամբ կմարզվի Վրաստանի զինուժի 9 գումարտակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *