Վրաստանի զինուժը կարող է համալրվել ֆրանսիական «Միստրալ» ԶՀՀ-ներով

2018 թ. Վրաստանի զինված ուժերի սպառազինությունը կարող է համալրվել Ֆրանսիայում արտադրվող «Միստրալ» դյուրակիր զենթիահրթիռային համալիրներ: «Միստրալները» պետք է մատակարարվեն 2015 թ. ստորագրված՝ Վրաստանին եվրոպական ՀՕՊ համակարգեր մատակարարելու պայմանագրի շրջանակներում: 

Նման տեղեկություն տարածել է վրացական «Կվիրիս պալիտրա» լրատվակայքը՝ փոխանցելով սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունը:

[Թարմացում]. Այս տեղեկությունը տեղադրվելուց որոշ ժամանակ անց հեռացվել է «Կվիրիս պալիտրա» թերթից և գործընկեր Interpressnews կայքից, սակայն մեզ մոտ պահպանվել է հոդվածի պատճենված տարբերակը:

Ֆրանսիական «Միստրալ» դյուրակիր ԶՀՀ

Ֆրանսիական «Միստրալ» դյուրակիր ԶՀՀ

Հիշեցնենք, որ 2015 թ. Վրաստանի պաշտպանության նախարարությունը եվրոպական Thales Raytheon Systems ընկերության հետ ստորագրել էր, ենթադրաբար, փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիր: Դրանից մի քանի շաբաթ անց Վրաստանը համաձայնագիր էր ստորագրել նաև եվրոպական հրիթռային համակարգերի առաջատար մշակող և արտադրող MBDA ընկերության հետ: Նշենք, որ հենց MBDA ընկերությունն է արտադրում նշված «Միստրալ» դյուրակիր ԶՀՀ-ները:

Առայժմ հստակ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ համակարգերի ձեռքբերման պայմանագրեր են ստորագրել: Դատելով վրացական մամուլում և փորձագիտական շրջանակներում տարածված տեղեկություններից՝ խոսքը փոքր հեռահարության MBDA դյուրակիր ԶՀՀ-ների մասին էր (մինչև 10 կմ հեռահարություն) կամ SAMP/T ԶՀՀ-ների, որը թույլ է տալիս ուղղաթիռները և ինքնաթիռները խոցել 25 կմ բարձրության և մինչև 100 կմ հեռավորության վրա:

«Միստրալ» դյուրակիր ԶՀՀ-ն ամերիկյան «Ստինգերների» և ռուսաստանյան «Իգլաների» ֆրանսիական անալոգն է: Այն այժմ առկա է Ֆրանիսայի և եվրոպական մի շարք այլ երկրների ԶՈւ սպառազինությունում: «Միստրալները» սկսել են շահագործվել 1988 թվականից: Ի տարբերություն ամերիկյան և ռուսական ԶՀՀ-ների, Միստրալը նախատեսված է հատուկ հաստոցի վրա տեղադրած վիճակում կրակելու համար: «Իգլան» և «Ստինգերը» կրակում են ուսի վրա դրած:

«Կվիրիս պալիտրայի» տվյալներով՝ Վրաստանին կմատակարարեն ամենագնացի կամ զրահամեքենայի վրա տեղադրված «Միստրալներ»: Նշենք, որ Վրաստանի զինուժն ունի «Իգլա» դյուրակիր ԶՀՀ-ներ, ինչպես նաև «Իգլաների» լեհական պատճենները՝ GROM. Վրացական զինուժը նաև ունի անհայտ քանակությամբ «Բուկ» ԶՀՀ-ներ և իսրայելական Spider-ներ, բայց չունի միջին կամ մեծ հեռահարության համակարգեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *