ԱՄՆ ԶՈւ պատվիրակությունը Անկարայում կքննարկի Սիրիայի քրդերին աջակցությունը դադարեցնելու հարցը

Դեկտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների ԶՈւ կենտրոնական հրամանատարության (CENTCOM)  ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը և ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության ղեկավար Կյորտիս Սկապարոթթին պաշտոնական այցով կժամանեն Անկարա։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ԶՈւ պատվիրակության ներկայացուցիչները Անկարայում կհանդիպեն Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին։ Կողմերը քննարկելու են Սիրիայի քրդական ուժերին՝ մասնավորապես «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը և դրա ռազմական թև՝ YPG-ին, զենք ու զինամթերքի տրամադրումը դադարեցնելու հարցը։

Հանդիպման օրակարգում են լինելու նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, Սիրիայում և Իրաքում ընթացող գործընթացներն ու վերջին իրավիճակը։

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է «ահաբեկչական կառույցներ» և մշտապես պահանջում է Միացյալ Նահանգներից դադարեցնել ռազմական աջակցությունը՝ հիմնավորելով նրանով, որ այդ զենքը այնուհետև «ուղղվելու է Թուրքիայի դեմ»։

Դեռևս դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դադարեցնել քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) սպառազինումը և դուրս բերել իրենց հիմնական զորքերը Սիրիայից: 

Սրա զուգահեռ պաշտոնական Անկարան ակտիվորեն շրջանառում է Սիրիայում քրդերի վերահսկած 3 կանտոններից մեկում՝ Աֆրինում քրդերի դեմ գործողություններ սկսելու մասին ուղերձներ: Նշենք, որ քրդերը ներկայում վերահսկում են Սիրիայի հյուսիսի մեծագույն մասը։

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադոլու» պետական գործակալության. 01.12.2017

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադոլու» պետական գործակալության. 01.12.2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *