Սիրիայի բանակը ռազմական գործողություններ է սկսել Իդլիբի ուղղությամբ․ Reuters

Սիրիայի կառավարական բանակը և նրանց աջակցող ուժերը ռազմական գործողություններ են սկսել զինյալ խմբավորումների դեմ երկրի Համա նահանգի հյուսիսային և Իդլիբ նահանգի հարավային հատվածներում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Սիրիայի բանակին նաև աջակցում է Ռուսաստանի օդուժը, որը հարվածում է զինյալների դիրքերին։ Ըստ աղբյուրի՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» («Ալ-Կաիդայի» ճյուղավորում, նախկին «Ալ-Նուսրայի ճակատ) և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումները հավելյալ ուժեր են ուղարկում Համա և Իդլիբ նահանգի սահմանային հատվածներ՝ Սիրիայի բանակի՝ Համա քաղաքին կից մի քանի ազատագրած գյուղերը հետ նվաճելու համար։

Նշենք, որ Իդլիբը միակ նահանգն է, որն ամբողջությամբ վերահսկվում է ահաբեկչական և զինյալ տարբեր խմբավորումների կողմից։ Դրա վարչական կենտրոն Իդլիբ քաղաքը նույնպես գտնվում է զինյալների ձեռքում՝ դեռևս 2015 թվականից։

Միևնույն ժամանակ, Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել «ապաէսկալացման գոտի» ստեղծել նաև Իդլիբ նահանգում։ Այդ գոտիների անվտանգության երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, որոնք պետք է դիտորդներ տեղակայեն Իդլիբում և մյուս 3 գոտիներում։

Հատկանշական է, որ Աստանայում համաձայնությունից հետո՝ հոկտեմբերի 8-ից սկսած, Թուրքիան զորքեր է տեղակայել և դիտորդական կետեր է ստեղծել Իդլիբի տարածքում։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Թուրքիայի ԶՈւ զինծառայողները վերահսկելու են Իդլիբ նահանգի ներսը, իսկ սահմաններին գործելու են ռուսական և իրանական զինծառայողներ։ Սիրիական կողմն էլ պնդում է, որ թուրքական զորքերի տեղակայումը Իդլիբում անօրիանական և հակասում է Աստանայի համաձայնություններին։

Նշենք, որ թուրքական զորքերը մասնավորապես տեղակայվել են Իդլիբ-Աֆրին սահմանային հատվածում։ Թուրքական կողմն էլ վերջին շրջանում անընդհատ հայտարարում է, Աֆրինում քրդական ուժերի դեմ նոր գործողություններ սկսելու մտադրության մասին։

Աֆրինում առկա են նաև ոչ մեծ թվաքանակով ռուսական զորքեր (ռազմական ոստիկանություն), Սիրիայի քրդերին աջակցում է նաև ԱՄՆ-ն։ Այս ամենը հաշվի առնելով, պետք է նկատի ունենալ, որ Աֆրինում գործողություններ սկսելու համար Թուրքիան դրանք պետք է համաձայնեցնի մյուս կողմերի հետ։ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում է «ահաբեկչական կառույցներ»։

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *