Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ահաբեկչության մասին տեղեկություն տրամադրելու համար, ինչը Ռուսաստանին օգնել է կանխել դրանք: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի կայքը:
Ռուսաստանյան կողմին ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկություն տրամադրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը: ԿՀՎ-ի տրամադրած տեղեկությունն օգնել է ձերբակալել ահաբեկիչներին, ովքեր ծրագրում էին պայթյուններ իրականացնել Ս. Պետերբուրգի Կազանի Աստվածամոր տաճարում և մի շարք այլ մարդաշատ վայրերում:
ԿՀՎ տրամադրած տեղեկությունը բավարար է եղել ահաբեկիչների որոնման և ձերբակալման համար: Պուտինը վստահեցրել է, որ իրենց հատուկ ծառայությունները ևս ԱՄՆ-ում նախատեսվող ահաբեկչությունների մասին որևէ տեղեկություն ստանալուն պես դրանք գործընկերական խողովակներով կփոխանցեն ամերիկյան կողմին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի սկզբին, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորոտնիկովը հայտնել էր, որ 2017 թվականին ԱԴԾ աշխատակիցները Ռուսաստանում կանխել են 18 ահաբեկչական գործողություն և ահաբեկչական ուղղվածության 61 հանցագործություն։