Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը Ռուսաստանում է բանակցությունների համար

Դեկտեմբերի 18-ին հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Գեներալ-մայորի գլխավորած պատվիրակությունը Դոնի Ռոստովում մասնակցելու է Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարության հետ բանակցությունների և հաստատելու է համապատասխան փաստաթղթեր։

Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:

ՀՀ պաշտպանության նախարարը 2016թ. նոյեմբերին նշել է, որ տարածաշրջանում կայունության պահպանման առումով խնդրահարույց են նաև Ադրբեջանի գործողությունները։ Այդ սպառնալիքները ստիպում են, որպեսզի հայ-ռուսական միացյալ զորախումբն ուշադրության կենտրոնում պահի մի քանի ուղղություն, այդ թվում՝ ոչ միայն «նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս», ինչպես որ ավանդաբար եղել է։

Ավելի ուշ՝ նույն տարվա դեկտեմբերին, Վիգեն Սարգսյանը վրացական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել Վրաստանի դեմ:

Միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի և Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարների համատեղ որոշմամբ: Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:

Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ: Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *