Eurojet ընկերությունը հրաժարվել է մասնակցել թուրքական կործանիչի շարժիչի ստեղծմանը

Eurojet եվրոպական ռազմարդյունաբերական ընկերությունը հրաժարվել է մասնակցել Թուրքիայի զինված ուժերի համար նոր սերնդի TF-X (Turkish Fighter X) կործանիչների համար շարժիչ ստեղծելու և արտադրելու մրցույցին։ Այս մասին հայտնում է թուրքական C4Defence մասնագիտացված լրատվակայքը։

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը

Ըստ աղբյուրի՝ Eurojet ընկերությունը երկար ժամանակ քննարկել է այս հարցը։ Ընկերությունը նպատակ է ունեցել թուրքական կործանիչի համար շարժիչ արտադրել Eurofighter Typhoon կործանիչների EJ200 շարժիչի օրինակով։ Սակայն թուրքական կողմը պահանջել է, որ իր նոր սերնդի կոծանիչի համար շարժիչը «զրոյից» նախագծվի և արտադրվի։ Հավանաբար սա էլ ստիպել է ընկերության հրաժարվել մրցույթին մասնակցելուց։

Այս տարվա մայիսին Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների ներկայացուցիչները, թուրքական TAI և բրիտանական BAE Systems ընկերությունները համաձայնեցրել են թուրքական կործանիչի նախագծման շուրջ համագործակցության համաձայնագրի պայմանները:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) բրիտանական ընկերությանը որոշել էր դիմել 2015 թ., այն բանից հետո, երբ դադարեցվել էր կործանիչի նախագծման շուրջ շվեդական Saab ընկերության հետ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ դեռևս 2011-ին Թուրքիան հայտարարել էր, որ ցանկանում է նոր սերնդի սեփական կործանիչ ստեղծել։ Նախատեսվում է կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023-ին՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին, իսկ Թուրքիայի ԶՈւ շահագործմանը հանձնել՝ 2033-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *