Դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ստորագրել են «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համալսարանային տարածքի արդիականացման» նախագծի աջակցության վերաբերյալ հուշագիր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Ըստ հուշագրի՝ հիմնադրամը 5 միլիոն ամերիկյան դոլար կհատկացնի ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման և վերակառուցման մեծածավալ ծրագրի իրականացման համար:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը մեծ ուշադրություն է դարձնում ռազմական կրթության ոլորտին և այդ ուղղությամբ կատարված առաջին, նշանակալի քայլը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխումն էր Դիլիջանի գերժամանակակից համալիր։ Ըստ նրա՝ հաջորդ փուլով խնդիր է դրվել ռազմական համալսարանը նույնպես համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափորոշիչներին:
«Այժմ ձևավորված աշխատանքային խումբը քննարկում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների մեկտեղման գործընթացն ու տարբեր բաժիններով, բաժանմունքներով մեկ ռազմական համալսարան ունենալու գաղափարը: Ակնկալվում է, որ նոր համալսարանը կտեղակայվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում` լրացուցիչ շենքային պայմանների ապահովմամբ», – ասել է պաշտպանության նախարարը։
Միջոցառման ընթացքում ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը ներկայացրել է համալսարանի շենքային հնարավորությունների բարելավման նախագիծը, որով նախատեսվում է կառուցել զորանոցային առավել հարմարավետ պայմաններով, գրադարանով, համակարգչային դասասենյակներով, սպորտային համալիրով ապահովված գերժամանակակից կրթական համալիր:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտվել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը: