Բրիտանացիները մասնակցելու են թուրքական կործանիչների նախագծմանը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը որոշել է դիմել բրիտանական BAE Systems խոշոր ավիաշինական ընկերությանը՝ TF-X կոչվող կործանիչի վերջնական նախագծման համար։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի տեղական կործանիչի նախատիպ

Թուրքիայի տեղական կործանիչի նախատիպ

Մոտ օրերս թուրքական կողմը պետք է ընտրի վերջին 4 տարվա ընթացքում թուրքական TAI  (Turkish Aerospace Industries) ավիաշինական ընկերության պատրաստած երեք նախատիպերից մեկը, որի վերջնական նախագծման մասին պետք է բանակցի բրիտանական ընկերության հետ։

Նշենք, որ 2013-ին Թուրքիան համագործակցության համաձայնագիր էր կնքել շվեդական «Սաաբ» (Saab) ընկերության հետ՝ TF-X կործանիչը համատեղ ստեղծելու համար։ Ինքնաթիռի վերջնական նախագծումն իրականացնելու համար շվեդական ընկերությունը ևս մասնակցել է հայտարարված մրցույթին, սակայն, դեռևս չհստակեցվող պատճառներով՝ նախգծման հետագա աշխատանքները պետք է իրականացվեն բրիտանական ընկերության հետ։

Թուրքիայի տեղական ինքնաթիռի հնարավոր արտաքին տեսքը

Թուրքիայի տեղական ինքնաթիռի հնարավոր արտաքին տեսքը

Ավելացնենք, որ դեռևս 2011-ին Թուրքիան հայտարարել էր, որ ցանկանում է նոր սերնդի սեփական կործանիչ ստեղծել։ «TFX» (Turkish Fighter X) կոչվող ծրագրով նախատեսվում է կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023-ին՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին, իսկ Թուրքիայի ԶՈւ շահագործմանը հանձնել՝ 2033-ին։

Դեռևս 2014 թ. մայիսին Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր հինգերորդ սերնդի երկու միավոր F-35A կործանիչ գնելու որոշման, ինչպես նաև այս կործանիչից ընդհանուր 100 միավոր ձեռք բերելու մտադրության մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ առաջին երկու կործանիչները պետք է ստանա 2018 թվականին:

2 responses to “Բրիտանացիները մասնակցելու են թուրքական կործանիչների նախագծմանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան և Մեծ Բրիտանիան պայմանգիր են կնքել թուրքական կործանիչների ստեղծման համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *