Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը՝ սահմանին անցկացված դիտարկումից հետո: ՀՀ ՊՆ ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:
Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի կայքը:
Բրիֆինգին մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ:
Ադրբեջանին պաշտպանության նախարարությունն էլ հայտնում է, որ ԵԱՀԿ առաքելությունն անցկացրել է հերթական մշտադիտարկումը Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ (Տավուշի մարզի դիմաց): Ըստ ադրբեջանական կողմի՝ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Ղազախի ուղղությամբ նախորդ դիտարկումն անցկացվել է նոյեմբերի վերջին:
ԵԱՀԿ նախորդ պլանային դիտարկումն անցկացվել է դեկտեմբերի 6-ին Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։