Դեկտեմբերին «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտը» (SIPRI) հրապարակել է 2016-ին աշխարհի` 100 ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը: Թուրքական երկու ընկերություն լավագույն 100-ի շարք մտել են թարմացված՝ ավելի բարձր ցուցանիշներով: Ցանկում, ինչպես և նախորդ տարիներին, ընդգրկված են «Ասելսան» և «ԹԱԻ» ընկերությունները:
«Ասելսան» ընկերությունը 2015-ի համեմատ բարձրացել է 5 հորիզոնականով` 1 մլրդ 220 մլն ռազմական արտադրանքի վաճառքով զբաղեցնելով 67-րդ հորիզոնականը: Ընկերությունը բացի այս արտահանել է նաև ոչ ռազմական արտադրանք, սակայն դա կազմել է ընդհանուր արտահանման ընդամենը 2 տոկոսը: 2016 թ. «Ասելսանի» մաքուր շահույթը կազմել է 263 մլն դոլար: Ընկերությունն ունի 5170 աշխատակից:
2015-ի համեմատ 5 հորիզոնականով բարձրացել է նաև ԹԱԻ ընկերությունը` 1 մլրդ 120 մլն ԱՄՆ դոլարի ռազմական արտադրանքի վաճառքով զբաղեցնելով 76-րդ հորիզոնականը: Ի տարբերություն «Ասելսանի»՝ ԹԱԻ-ն համեմատաբար ավելի շատ ոչ ռազմական արտադրանք է վաճառել: Ռազմական արտադրանքի վաճառքը ընդհանուր վաճառքի 86 տոկոսն է: Այս ընկերությունն ունի 5250 աշխատակից, շահույթը չի նշվում:
Երկու ընկերություններն էլ 2000-ականների սկզբի համեմատ ռազմական արտադրանքի ոլորտում հսկայական թռիչ են գրանցել: Որպես օրինակ նշենք, որ 2014 թ. «Ասելսանը» վաճառել էր 2005 թվականից ավելի քան երեք անգամ` 215%-ով ավել ռազմական արտադրանք, իսկ ԹԱԻ-ն ` ավելի քան 11 անգամ՝ 1074%-ով: Սա կապված է Թուրքիայում վերջին տասը տարում ռազմարդյունաբերության մեծ տեմպերով զարգացնելու և բանակը սեփական զինտեխնիկայով համալրելու մի շարք հավակնոտ ծրագրերի հետ:
Գրաֆիկում ներկայացված է 2016 թ. զենքի համաշխարհային վաճառքի տարաբաշխումն ըստ պետությունների: Թուրքիան ընդգրկված է «այլ» (other) բաժնում` Ավստրալիայի, Բրազիլիայի, Կանադայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Սինգապուրի, Իսպանիայի, Շվեցարիայի, Շվեդիայի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների հետ: Միայն նշված երկրներին բաժին է ընկնում համաշխարհային զենքի վաճառքի 1 %-ից քիչ բաժինը:
Ավելացնենք, որ ամերիկյան Defense News պարբերականը 2017 թ. հուլիսին հրապարակած ցուցակում աշխարհում ամենաշատ ռազմական արտադրանք վաճառող 100 երկրների ցանկում բացի նշվածներից ընդգրկել էր թուրքական ևս մի՝ «Ռոքեթսան» ընկերությանը: