Ամերիկյան Defense News մասնագիտացված կայքը հրապարակել է աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը. Այն ինչպես միշտ գլխավորում է ամերիկյան Lockheed Martin-ը: Ցուցակում ընդգրկվել է թուրքական 3 ընկերություն՝ նախորդ տարիների երկուսի փոխարեն: Ցուցակում համեմատվում են նախորդ տարի սպառազինության շուկայում ընկերությունների տարեկան եկամուտները:
Ցուցակում առաջին տասը հորիզոնականներից 6-ն ամերիկյան, 1-ը՝ բրիտանական, մեկը նիդեռլանդա-ֆրանսիական, մեկը ֆրանսիական, ևս մեկը՝ իտալական ընկերություններ են: Ցուցակը գլխավորում են ամերիկյան Lockheed Martin (43,5 մլրդ դոլար) և Boeing (29,5 մլրդ դոլար), բրիտանական BAE Systems (23,6 մլրդ դոլար), ամերիկյան Raytheon (22,4 մլրդ դոլար) և Northrop Grumman (20,2 մլրդ դոլար) ընկերությունները:
100 խոշորագույն ընկերությունների ցուցակում տեղ են գտել թուրքական «Ասելսան», «ԹԱԻ» և «Ռոքեթսան» ընկերությունները: «Ռոքեթսանն» առաջին անգամ է ընդգրկվում լավագույն 100-ի ցանկում:
«Ասելսանը» նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավել է ընդամենը մեկ հորիզոնականով՝ դասվելով 57-րդ տեղում: 2016 թ. ռազմական նշանակության արտադրանքների վաճառքից ընկերության եկամուտը կազմել է 1 մլրդ 195 մլն ԱՄն դոլար:
«ԹԱԻ» ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքներից ստացած եկամուտը առաջին անգամ գերազանցել է 1 մլրդ դոլարը՝ կազմելով շուրջ 1 մլրդ 83 մլն դոլար: Այս ընկերությունը նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավել է 11 հորիզոնականով՝ զբաղեցնելով 61-րդ տեղը:
«Ռոքեթսանի»՝ ռազմական նշանակության արտադրանքների վաճառքից ստացած եկամուտը 2016 թ. կազմել է շուրջ 363 մլն դոլար: Նախորդ տարվա եկամուտը չի նշվում, քանի որ, ինչպես նշել ենք, այս ընկերությունն առաջին անգամ է լավագույն 100-ի ցուցակում հայտնվել: Այս ընկերությունը քաղաքացիական նշանակության արտադրանք չի վաճառել, ի տարբերություն ցուցակում ընդգրկված ընկերությունների զգալի մասի:
Թուրքական մյուս երկու ընկերությունների դեպքում ռազմական արտադրանքների վաճառքից ստացած եկամուտը կազմում է երկակի՝ ռազմական և քաղաքացիական նշանակության արտադրանքների վաճառքից ստացած եկամտի համապատասխանաբար 96 և 86 տոկոսը:
Ընկերություն | Եկամուտ (ռազմ., մլն $) | Եկամուտ (ընդհնուր, մլն $) |
---|---|---|
57. Aselsan | 1195 | 1243 |
72. Turkish Aerospace Industries | 1083 | 1260 |
98. Roketsan | 364 | 364 |
Ցուցակում ընդգրկված իսրայելական և ռուսաստանյան ընկերությունների ցանկը կարող եք տեսնել համապատասխան հրապարակումներում: