Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին. Թուրքիայի վարչապետ

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումից հետո, Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի համագործակցությունը Սիրիայի քրդական խմբավորումների հետ: Այս մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

«Մեր ընկեր և դաշնակից ԱՄՆ-ն, ամեն անգամ մեզ ասում է, որ դա ոչ թե նախապատվություն է, այլ անհրաժեշտություն: Քանի որ ԻՊ-ն արդեն ոչնչացվել է, այդ անհրաժեշտությունը վերանում է: Ակնկալում ենք, որ  այդ համագործակցությունը անմիջապես կվերանա և ԱՄՆ-ն կվերադառնա իրական գործընկերներին, դաշնակիցներից», – հայտարարել է Յըլդըրըմը:

Ըստ Թուրքիայի վարչապետի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և վերջինս հայտնել է, որ այլևս քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը և դրա ռազմական թև YPG-ին զենք չեն տրամադրելու:

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին թուրքական մամուլը հայտնում էր, որ Միացյալ Նահանգները շարունակում է զենք ուղարկել Սիրիայի քրդերին: Թուրքական «Անադոլու» գործակալությունը նշում է, որ զինտեխնիկան տեղակայվելու է նաև Սիրիայի հյուսիսային Աֆրինի շրջանում, որը թիրախային է համարվում  Թուրքիայի իշխանությունների համար:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ հայտնի PKK-ի, սիրիական ճյուղ: Թուրքիան մշտապես քննադատում է ԱՄՆ-ին «ահաբեկչական կառույցներին» աջակցելու համար և սպառնում քրդերի դեմ գործողություններ իրականացնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *