Սիրիայի «ապաէսկալացման գոտիներում» խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը Մոսկվան քննարկում է պաշտոնական Դամասկոսի և այդ խաղաղապահ առաքելության հնարավոր մասնակիցների հետ: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Այդ գաղափարը ժամանակ առ ժամանակ քննարկում ենք սիրիացիների և այդպիսի առաքելության պոտենցիալ մասնակիցների հետ: Որոշ երկրներ հասկացնում են, որ նրանք պատրաստ կլինեն մասնակցել խաղաղապահական առաքելությունում ֆինանսավորման, ապահովագրության սահմանված պայմանների դեպքում», – նշվում է աղբյուրում:
Ռուսաստանի ԱԳՆ-ից նաև նշել են, որ խաղաղապահների տեղակայման հարցը պետք է համաձայնեցված լինի Սիրիայի իշխանությունների հետ:
Նշենք, որ Աստանայում բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել Սիրիայի տարածքում «ապաէսկալացման 4 գոտի» ստեղծելու վերաբերյալ: Այդ գոտիներից մեկը ստեղծվել է Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, որում ընդգրկված է նաև Համա նահանգի մի մասը, երկրորդը՝ Հոմս քաղաքից հյուսիս, երրորդը՝ Արևելյան Գուտայում և Դամասկոսի հարակից հատվածներում, չորրորդը՝ Դառաա նահանգում՝ սիրիա-հորդանանյան սահմանին:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը: