Միացյալ Նահանգները Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը տրամադրել է շուրջ 120 միավոր ուժեղացված հակաականային պաշտպանությամբ զրահամեքենա (MRAP): Ըստ որում նշվում է, որ զրահամեքենաները Աֆրինում են տեղակայվելու: Այս մասին նոյեմբերի 21-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ դրանք Սիրիայի տարածք են անցնել սիրիա-իրաքյան սահմանից և տեղակայվելու են քրդերի վերահսկողության ներքո գտնվող Աֆրին շրջանում:
Նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին կրկին հայտարարել է, որ Թուրքիայի համար սպառնալիքի վերածվելու դեպքում, իրենք չեն հապաղի դիմել համապատասխան քայլերի ընդդեմ Սիրիայի քրդական ուժերի: Փոխանցում է «Անադոլուն»:
«Բոլոր վայրերում, որտեղ առկա են PKK-ն, PYD-ն և YPG-ն Թուրքիայի տեսանկյունից սպառնալիք է և միևնույն ժամանակ թիրախ է: Այս շրջանակններում ոչ ոք թող կասկած չունենա, որ կօգտագործենք միջազգային իրավունքից բխող պայքարի մեր իրավունքը», – հայտարարել է Ջանիքլին:
Թուրքիայի ՊՆ ղեկավարը ըստ երևույթին կրկին սպառնացել է ռազմական գործողությունների դիմել քրդերի դեմ:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական PYD խմբավորումը և դրա ռազմական թև YPG-ն համարում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի, «սիրիական ճյուղ և ահաբեկչական կառույցներ»: Թուրքական կողմը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տա թուրք-սիրիական սահմանի երկայնքով քրդական պետության ստեղծում և սպառնում է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայի Աֆրին շրջանում, Մանբիջում ընդդեմ քրդական ուժերի:
Այս համատեքստում Սիրիայի քրդական խմբավորումներին ԱՄՆ-ի աջակցությունը հավելյալ խնդիրներ է առաջացրել թուրք-ամերիկյան առանց այն էլ լարված հարաբերություններում: Թուրքիայի իշխանությունները պարբերաբար մեղադրում են Միացյալ Նահանգներին «ահաբեկիչներին աջակցելու» և Սիրիայի հարցում Թուրքիայի փոխարեն քրդական խմբավորումներին նախընտրելու համար:
Նշենք, որ թուրքական զինուժի՝ 2016-ի օգոստոս – 2017-ի մարտ ժամանակահատվածում իրականացրած «Եփրատի վահան» գործողությունը ևս իր մի սուր ծայրով ուղղված էր քրդերի դեմ: Այդ գործողության միջոցով թուրքական կողմին հաջողվեց արգելապատնեշ ստեղծել Սիրիայի հյուսիսում քրդական երկու ինքնավար շրջանների՝ կանտոնների միջև: