Նոյեմբերի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար ալընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ Արևմուտքին:Չավուշօղլուի հայտարարությունը փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ունի: Ինքնաթիռի միջադեպից հետո 8 ամսում հարաբերությունները կարգավորեցինք: Ներկայում աշխատում ենք, որ թուրք քաղաքացիները առանց վիզայի կարողանան գնալ: Ռուսաստանը մեզ համար այլընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ Արևմուտքին», – հայտարարել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարը նույն օրը Իտալիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվում են Թուրքիային ամենապարզունակ զենքը նույնիսկ վաճառել, Թուրքիան ստիպված է այլ երկրներից գնել: Սրանով Չավուօղլուն, ըստ երևույթին, ակնարկել է Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը:
«Մեր օդային տարածքը պաշտպանելու կամ էլ անվտանգությունը ամրապնդելու համար անհրաժեշտ միջոցները, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության համակարգերը նախընտրում ենք գնել ՆԱՏՕ անդամ երկրներից: Սակայն վերջին շրջանում ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակից երկրներ սկսած ամենապարզ զենքերից վերջացրած ՀՕՊ համակարգերից Թուրքիային տալու հարցում լուրջ դիմադրություն են ցուցաբերում: Եթե դաշնակիցներից չեմ կարողանում գնել, այդ դեպքում ստիպված եմ այլ տեղից գնել», – հայտարարել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից միակ երկիրը չէ, որ ռուսաստանյան համակարգ է գնում, Հունաստանը ևս օգտագործում է Ս-300 ԶՀՀ-ներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը օրեր առաջ հայտարարել է, որ Անկարան որևէ մտադրություն չունի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները դադարեցնել:
Նոյեմբերի 16-ին Թուրքիան հետ է կանչել Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ զորավարժությանը մասնակցող ԶՈւ 40 զինծառայողի: Թուրքական կողմը դա պարզաբանում էր նրանով, որ զորավարժության ժամանակ որպես «թիրախ էին փորձել օգտագործել» Թուրքիայի առաջին և ներկայիս նախագահներ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի և Էրդողանի նկարները:
Նշենք, որ Թուրքիայի՝ Ռուսաստանից Ս-400 համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունների ընթացքում, ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների, այդ թվում ԱՄՆ-ի մի քանի պաշտոնյաներ քննդատել էին այդ քայլը: ՆԱՏՕ-ի քարտուղարը անձամբ հայտարարել է, որ Թուրքիան անկախ է այլ պետություններից զինտեխնիկա գնելու հարցում, սակայն այդ համակարգերը չեն կարող ընդգրկվել ՆԱՏՕ միասնական համակարգի մեջ: