Թուրքիան հետ է կանչել Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցող զինծառայողներին

Թուրքիան հետ է կանչել Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցող Թուրքիայի ԶՈւ 40 զինծառայողին: Թուրքական կողմի պնդմամբ՝ դրա պատճառն այն է, որ Սթավանգար քաղաքում անցկացվող զորավարժության ընթացքում ներկայացվել է ցուցանակ, որում որպես «թշնամի են ներկայացվել» նաև Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտարարել է Էրդողանը, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում

«Երեկ Նորվեգիայում մի դեպք է եղել: Ցուցանակ են դրել թշնամի խորագրով: Այդ ցուցանակում որպես թշնամի ներառված են եղել Աթաթյուրքի, մյուս կողմից էլ իմ նկարները: Այս տեղեկությունը ստանալուց հետո ԳՇ պետը և ԵՄ հարցերով նախարարը զանգահարել են մեզ և ասել են, որ նման վիճակ կա և որոշել են ՆԱՏՕ-ի զորավարժությունից հետ կանչել 40 զինծառայողին: Մենք էլ պատասխանել ենք, որ մի երկմտեք, անմիջապես մեր զինծառայողներին այնտեղից դուրս հանեք», – հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը նշել նաև, որ իրենք չենք մտափոխվի նույնիսկ եթե, այդ ցուցանակը հանվի: Ըստ Էրդողանի՝ նրանց նկարները ցանկացել են որպես թիրախ օգտագործել:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Նորվեգիայում անցկացվող Trident Javelin – 2017 զորավարժությանը, որն անցկացվում է նոյեմբերի 8-17-ը: Թուրքական կողմը պնդում է, որ թուրք զինծառայողները զորավարժությանը չեն մասնակցում նոյեմբերի 16-ից:

Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի զորավարժությանը ներգրավված է եղել Թուրքիայի ԶՈւ ԳՇ 4 զինծառայող, ցամաքային զորքերի՝ 10, ռազմածովային ուժերի՝ 3, ռազմադային ուժերի՝ 20, ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության ուժերի 4 զինծառայող: Այսինքն ընդհանուր առմամբ՝ 40 զինծառայող:

Թուրքական Daily Sabah պարբերականի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ ներողություն է խնդրել միջադեպի համար և հայտնել, որ այդ դեպքի մեղավորը Նորվեգիայի քաղաքացիական ծառայողներից մեկն է եղել և անմիջապես հեռացվել է ծառայությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *