Իրաքի բանակը ԻՊ զինյալներից մաքրում է Սիրիային սահմանակից տարածքները

Նոյեմբերի 23-ին Իրաքի կառավարական բանակը նոր գործողություն է սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիային սահմանակից անապատային տարածքները ազատագրելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Իրաքի կառավարական ուժերը՝ Թալ Աֆարի գրոհի ընթացքում

Իրաքի կառավարական ուժերը՝ Թալ Աֆարի գրոհի ընթացքում

Ռազմական գործողություններին մասնակցում են նաև շիայական «Հաշդ աշ-Շաաբի» խմբավորման մարտիկներ:

«Գործողության նպատակն է կանխել ԻՊ խմբերի ամրապնդումը անապատային շրջաններում և դրանց օգտագործումը որպես բազա ապագա հարձակումների ժամանակ», – հայտարարել է կառավարական բանակի գնդապետ Սալահ Քարեմը:

Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Իրաքի բանակը և նրանց աջակցող ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Սալահ ադ-Դին, Նինվեհ և Անբար նահանգների միջև ընկած տարածքներում:

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» ռազմական տեսնակյունից պարտության է մատնվել, բայց դրա նկատմամբ վերջնական հաղթանակը կհայտարարվի անապատներում ևս պարտության մատնելուց հետո:

Իրաքի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ մինչև որ ամբողջ սիրիա-իրաքյան սահմանը «մաքրվի» ԻՊ զինյալներից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Իրաքի կառավարական բանակը և «Հաշդ աշ-Շաաբի» զորաջոկատները ազատագրել են երկրում «Իսլամական պետության» վերջին հենակետ Ռավա քաղաքը: Նոյեմբերի 3-ին Իրաքի բանակը ազատագրել է ԻՊ խոշոր հենակետ Ալ-Կաիմ քաղաքը և իր վերահսկողության տակ է վերցրել դեպի Սիրիա տանող ճանապարհի և անցակետի հատվածը։ ԻՊ զինյալներից ազատագրվել են նաև Մոսուլ, Թալ Աֆար քաղաքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *