Իրաքն ազատագրել է իսլամիստների վերջին խոշոր հենակետը և դուրս եկել Սիրիայի սահման

Իրաքի կառավարական ուժերը մտել են երկրում «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետ Ալ-Կաիմ քաղաք և կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել դեպի Սիրիա տանող ճանապարհի և անցակետի հատվածը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Իրաքյան զորքերը Ալ-Կաիմի մերձակայքում: Լուսանկարը՝ AFP լրատվական գործակալության

Իրաքյան զորքերը Ալ-Կաիմի մերձակայքում: Լուսանկարը՝ AFP լրատվական գործակալության

Քաղաքի համար ընթացող մարտերում Իրաքի կառավարական ուժերի կողմից կռվում են նաև մերձիրանական Հաշդ աշ-Շաբի ջոկատները: Ըստ Իրաքի պաշտպանության նախարարության՝ կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել նաև Ալ-Կաիմից հյուսիս-արևմուտք ընկած Ուբեյդի բնակավայրում:

Ըստ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՝ Ալ-Կաիմում մնացած ԻՊ զինյալների թիվը գնահատվում է շուրջ 1,5 հազար:

Ալ-Կաիմը Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ մնացած տարածքներում ամենախոշոր բնակավայրն էր: Քաղաքը Իրաքի և Սիրիայի սահմանային հատվածում է և ունի մեծ նշանակություն: Ալ-Կաիմից շուրջ 13 կմ հեռավորության վրա է Սիրիայի Աբու Քեմալ քաղաքը, որը դեռևս ԻՊ ձեռքում է:

Հատկանշական է, որ վերջին օրերին՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին, ՌԴ զինված ուժերը թևավոր հրթիռներով և ավիացիոն ռումբերով հարվածներ էին հասցրել հենց Աբու Քեբալում տեղակայված ԻՊ դիրքերին:

Իրաքի կառավարական ուժերը այս ուղղությամբ գրոհը սկսել էին հոկտեմբերի 26-ին: «Իսլամական պետությունը» Իրաքում կորցրել է իր վերահսկած կարևոր տարածքների մեծ մասը: Վերջին մի քանի ամիսներին Իրաքի կառավարական բանակին հաջողվել է ԻՊ զինյալներից ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *