Թուրքիայի զինված ուժերի սպառազինությունը մինչ օրս հանձնվել է տեղական արտադրության 5 միավոր «Անքա» խոշոր ԱԹՍ, որից 2-ը՝ հարվածային: Բացի այդ, թուրքական զինուժը ստացել է տեղական մեկ այլ՝ «Բայրաքթար» միջին ԱԹՍ-ից 38 միավոր, այդ թվում 15-ը հարվածային:
Նման տեղեկություն նոյեմբերի 22-ին Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ տրամադրել է այդ երկրի ՊՆ Նուրեթթին Ջանիքլին:
Ըստ թուրք նախարարի՝ թուրքական բանակին նախատեսվում է մատակարարել ընդհանուր առմամբ 151 միավոր «Բայրաքթար», որից 112-ը՝ հարվածային: Այդ խմբաքանակից արդեն մատակարարվել են նշված 38 ԱԹՍ-ն, որից 15-ը՝ հարվածային:
Սրան զուգահեռ Թուրքիայի զինուժին նախատեսվում է նաև մատակարարել 40 միավոր «Անքա», որից 25-ը՝ հարվածային: Առայժմ նշվածից մատակարարվել է միայն 5 միավորը, ինչի մասին արդեն նշել ենք:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր հերթին հայտնել էր ոստիկանության և ժանդարմերիայի սպառազինությունում առկա ԱԹՍ-ների ընդհանուր քանակը՝
- Ժանդարմերիա՝
- 4 հետախուզական;
- 4 հարվածային:
- Ոստիկանություն՝
- 9 հետախուզական;
- 2 հարվածային:
Այդ դեպքում ևս խոսքը նշված «Բայրաքթար», ինչպես նաև, մեծ հավանականությամբ, «Անքա» ԱԹՍ-ների մասին էր: Այսպիսով ստացվում է, որ Թուրքիայի բանակին և մյուս երկու խոշոր ուժային կառույցներին, որոնցից ժանդարմերիան իր կառուցվածքով նույնպես բանակ է, տրամադրվել է ընդհանուր առմամբ 54 միավոր տեղական արտադրության միջին և խոշոր չափերի ԱԹՍ, այդ թվում 23-ը՝ հարվածային:
«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
- Իրանի երկարությունը – 8մ,
- Թևերի բացվածքը – 17,3 մ,
- Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
- Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
- Վառելիքի զանգվածը – 250 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
- Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
- Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
- Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը – 9144 մ,
- Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
- Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
- Թևերի մակերեսը – 13,6մ²:
ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ, այդ թվում՝ 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և 2 միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռներ: Երկուսն էլ թուրքական «Ռոքեթսան» ընկերությունն է արտադրում:
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մետր,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։
Անօդաչուի հարվածային տարբերակը կրում է 2 միավոր UMTAS հրթիռ: Հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով, խոցման առավելագույն հեռահարությունը 8000 մետր է, նվազագույնը՝ 500, տրամաչափը՝ 160 մմ, երկարությունը՝ 1800 մմ, զանգվածը 37,5 կգ է։