Թուրքիայի ներքին գործերի նախարարը խորհրդարանում ներկայացրել է ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ժանդարմերիայում, ոստիկանությունում և առափնյա անվտանգության հրամանատարությունում առկա հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ: Սուլեյման Սոյլուն այս մասին հայտնել է նոյեմբերի 15-ին ԹԱՄԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ:
Ըստ թուրք նախարարի՝ նշված կառույցներում կան հետևյալ քանակով MALE տիպի ԱԹՍ-ները՝
- Ժանդարմերիա՝
- 4 հետախուզական;
- 4 հարվածային:
- Ոստիկանություն՝
- 9 հետախուզական;
- 2 հարվածային:
Ժանդարմերիան նախատեսում է գնել ևս 36 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք: Ոստիկանությանը նախատեսվում է մատակարարել ևս 9 միավոր հետախուզական և 3 միավոր հարվածային ԱԹՍ:
Ժանդարմերիան ներգրավված է հիմնականում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում: Արդեն քանիցս թուրքական կողմը տեղեկություն է տարածել, որ քրդերի դեմ կիրառում են հետախուզական և հարվածային անօդաչուներ:
Հիշեցնենք, որ 2017 թ. մարտին ժանդարմերիան տրամադրվել էր 6 միավոր թուրքական արտադրության «Բայրաքթար» (Bayraktar) անօդաչու թռչող սարք, որից երկուսը՝ հարվածային:
Ոստիկանությունն իր հերթին 2015 թ. 6-ական միավոր Bayraktar, ինչպես նաև նույնպես թուրքական արտադրության «Անքա» անօդաչու գնելու հայտ էր ներկայացրել: Այդ ժամանակ նշվում էր, որ ոստիկանությունը դրանք կիրառելու է «ահաբեկչության դեմ պայքարի համար»:
Եթե ժանդարմերիայի դեպքում պարզ է, որ առնվազն 4 հետախուզականը և 2 հարվածայինը Bayraktar են, ապա ոստիկանության դեպքում հստակ տվյալներ չկան:
Ավելացնենք, որ համաձայն թուրք նախարարի հայտարարության՝ մինչև 2016 թ. այս կառույցների սպառազինությունում ԱԹՍ-ներ չկային:
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մետր,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։
Անօդաչու հարվածային տարբերակը կրում է 2 միավոր UMTAS հրթիռ: Հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով, խոցման առավելագույն հեռահարությունը 8000 մետր է, նվազագույնը՝ 500, տրամաչափը՝ 160 մմ, երկարությունը՝ 1800 մմ, զանգվածը 37,5 կգ է։