Նոյեմբերի 10-ից 16-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել ևս 6-ը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Ըստ աղբյուրի՝ ուժայինները «վնասազերծել են» քրդական կառույցի 57 զինյալի: Նշված ժամանակահատվածում PKK-ի դեմ գործողությունները հիմնականում իրականացվել են Թուրքիայի Շրնաք, Դիարբեքիր, Թունջելի, Մարդին նահանգներում և Իրաքի հյուսիսային շրջաններում:
Գործողությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են նաև PKK-ի զինյալներին պատկանող զենք ու զինամթերքը:
Նշենք, որ միայն նոյեմբերի 16-ին Իրաքի հյուսիսում քրդերի հետ բախումներում սպանվել է Թուրքիայի 3 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել է:
2017 թ. հոկտեմբերին PKK-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիան Իրաքի հյուսիսային հատվածներ ցամաքային ստորաբաժանումներ է մտցրել: Բացի այդ, Թուրքիայի օդուժը անընդհատ հարվածում է քրդեր ճամբարներին Իրաքի հյուսիսում:
Թուրքիայի տարածքում զինված բախումները վերջին շրջանում կրկին ինտենսիվացել են: Թուրք-քրդական բախումները առավելապես ակտիվ են եղել 2015-ի ամառ – 2016-ի ձմեռ ժամանակահատվածում, երբ քուրդ զինյալները բավականին լուրջ դիմադրություն էին ցուցաբերում ուժայիններին: