Նոյեմբերի 16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարներին Իրաքի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Իրաքի հյուսիսում թուրքական օդուժը մասնավորապես ռմբակոծել է PKK-ի ճամբարները Ավաշին-Բասյան, Հաքուրք, Զապ շրջաններում: Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են քրդական կառույցի զենքի ու զինամթերքի պահեստները, դիրքերն ու ապաստարանները:
Նույն օրը թուրքական օդուժը քուրդ զինյալներին հարվածել է նաև Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում: Թուրք ուժայինները զինյալների դեմ գործողություններ են իրականացնում նահանգի Ալաշկերտ գավառում: Ըստ «Անադոլու» գործակալության՝ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 5 զինյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Իրաքի հյուսիսում քրդերի հետ բախումներում սպանվել է Թուրքիայի 3 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել է:
2017 թ. հոկտեմբերին PKK-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիան Իրաքի հյուսիսային հատվածներ ցամաքային ստորաբաժանումներ է մտցրել: Բացի այդ, Թուրքիայի օդուժը անընդհատ հարվածում է քրդեր ճամբարներին Իրաքի հյուսիսում:
Միևնույն ժամանակ, թուրք ուժայինները շարունակում են PKK-ի դեմ գործողությունները նաև Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում: