Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Նոյմբերի 13-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային մի քանի շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հարվածները մասնավորապես հասցվել են Զապ, Հաքուրք, Քանդիլ շրջաններում տեղակայված ճամբարներին: Թուրքական կողմի պնդմամբ՝ ոչնչացվել են քուրդ զինյալների զենքի ու զինամթերքի պահեստները, դիրքերը, ապաստարանները:

Թուրքիայի ուժայինները շարունակում են քրդական կառույցի դեմ ռազմական գործողությունները նաև երկրի տարածքում: Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի տվյալների՝ նոյեմբերի 3-9-ը թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս 15-ը վիրավորվել է, «վնասազերծվել է» PKK-ի 115 զինյալ:

Նշենք, որ  2017 թ. հոկտեմբերին Թուրքիան Իրաքի հյուսիսային հատվածներ նաև ցամաքային ստորաբաժանումներ էր մտցրել: Մինչ այդ Անկարան սահմանափակվում էր միայն ավիահարվածներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *