Նոյեմբերի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, Թուրքիայի ԶՈւ-ն տվել է 2 սպանված, 15 վիրավոր: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:
Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում թուրք ուժայինները «չեզոքացրել են» 115 քուրդ զինյալի։
Գործողությունները հիմնակում իրականացվել են Թուրքիայի Շըրնաք, Դիարբեքիր նահանգներում և Իրաքի հյուսիսային շրջաններում: PKK-ն ամենաակտիվը հենց նշված հատվածներում է գործում: Ըստ որում Իրաքի հյուսիային լեռնային շրջաններում տեղակայված են քրդերի հիմնական բազաները:
Հավելենք, որ վերջին շուրջ 2 տարվա ընթացքում թուրքական կողմի հիմնական կորուստները PKK-ի մարտիկների կիրառած ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունների հետևանքով են: Պատկերն այլ էր 2015 թ. ամռանից մինչև 2016 թ. ձմեռ, երբ քրդական ուժերը քաղաքներում բավականին լուրջ դիմադրություն էին ցույց տալիս:
Եթե սկզբում հիմնական գործողությունները երկրի ներսում էին, ապա արդեն 2016 թ. ձմռանը քրդաբնակ քաղաքներում PKK—ի հիմնական ակտիվությունը ճնշելուց հետո գործողություններ ծավալվում են նաև երկրից դուրս՝ Սիրիայի և Իրաքի տարածքներում: Ըստ որում 2017 թ. հոկտեմբերին Թուրքիան Իրաքի հյուսիսային հատվածներ նաև ցամաքային ստորաբաժանումներ էր մտցրել: Մինչ այդ Անկարան սահմանափակվում էր միայն ավիահարվածներով:
Սիրիայի տարածքում ևս թուրքական կողմը որոշակի գործողություններ է իրականացնում նաև քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության(PYD) զինված ուժերի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ:
Սա զգացվում էր դեռևս 2016 թ. օգոստոսից 2017 թ. «Եփրատի վահան» գործողության ընթացքում, երբ հայտարարվող հիմնական թիրախը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերն էին, բայց թիրախում նաև քրդական ուժերն էին հայտնվում:
Այստեղ Թուրքիան բացահայտ լայնածավալ գործողությունների առայժմ չի գնում՝ ելնելով մի շարք հանգամանքներից. Նախ նշված քրդական կառույցը որպես PKK-ի մաս ճանաչում է միայն Թուրքիան: Մյուս՝ հիմնական կարևոր գործոնն այն է, որ քրդական այդ ուժերի հետ գոնե առայժմ դաշնակցում է Միացյալ Նահանգները՝ նրանց օգտագործելով որպես ԻՊ դեմ պայքարի հիմնական ցամաքային ուժ:
Հոդվածի հեղինակ՝
Միլենա Այվազյան