Նոյեմբերի 12-ին Ստամբուլում Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «անդամակցելու մեղադրանքով» ձերբակալել են 32 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Բոլոր ձերբակալվածները այլ պետությունների քաղաքացիներ են: Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները նրանց հայտնաբերման և ձերբակալման համար գործողություններ են իրականացրել Ստամբուլի 5 թաղամասերում: Գործողությանը ներգրավվել է նաև ուղղաթիռ:
Ըստ թուրքական կողմի՝ ձերբակալվածները Սիրիայում մասնակցել են ռազմական գործողություններին «Իսլամական պետության» կազմում և «պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայի տարածքում»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Թուրքիայի մի քանի քաղաքներում, այդ թվում նաև Ստամբուլում, ԻՊ-ին «անդամակցելու մեղադրանքով» ձերբակալվել է ևս 109 մարդ, որից 93-ը ունեցել են այլ պետությունների քաղաքացիություն: Իսկ նոյեմբերի 9-ին Անկարայում և Բուրսա նահանգում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով ևս 200 մարդ է ձերբակալվել: Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 1-ը Թուրքիայում ձերբակալվել է«Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող 283 մարդ: Այսինքն վերջին մի քանի շաբաթներին Թուրքիայում իսլամիստներին միանալու մեղադրանքով ձերբակալվել է մոտ 630 մարդ:
Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։
Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի տվյալներով՝ 2016-ի մարտ – 2017-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Սիրիա և Իրաք է գնացել շուրջ 1500 զինյալ, որից 900-ը ներկայում գտնվում պատերազմական գոտիներում: Կենտրոնի տվյալններով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ: