Թուրքիան չի ավելացնի իր ռազմական ստորաբաժանման թվաքանակն Աֆղանստանում

ՆԱՏՕ-ն քննարկում է Աֆղանստանում իր ռազմական ստորաբաժանումների թվաքանակը շուրջ 3000 զինծառայողով ավելացնելու հարցը: Թուրքիայի ՊՆ ղեկավարը նոյեմբերի 9-ին հայտնել է, որ իրենք հավելյալ զինծառայողներ չեն ուղարկի Աֆղանստան, բայց կուղարկեն ոչ ռազմական ուժեր՝ խորհրդատու, մարզիչներ: Այս մասին թուրք նախարարը հայտնել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների ՊՆ ղեկավարների հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում:

Թուրքիայի ՊՆ ղեկավար Նուրեթթին Ջանիքլին նշում է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակը 3 հազարով ավելացնելու հարցը կքննարկեն հաջորդ տարվա փետրվարին:

Թուրքիան պատարստ է հավելյալ ֆինանսական միջոցներ տրամադրել, ուղարկել ոչ ռազմական ուժեր, այդ թվում՝ շուրջ 100 խորհրդատու, մարզիչ-հրահանգիչներ, բայց չի պատրաստվում ավելացնել իր ռազմական ստորաբաժանումների թվաքանակը:

Թուրքիան այս պահին Աֆղանստանում ունի շուրջ 560-հոգանոց անձնակազմ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Բրյուսելում առանձին հանդիպում են անցկացրել ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների աֆղանստանյան առաքելության Հյուսիսային հրամանատարության ենթակայութամբ գործող երկրների ՊՆ ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *