Նոյեմբերին ՌԴ զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնում ավարտվել է Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի ԶՈւ սակրավորների դասընթացը: Հայաստանից դասընթացն ավարտել է 3 զինծառայող: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Հայ, ղազախ և բելառուս սակրավորներն անցել են «Ականազերծման ստորաբաժանման հրամանատար» և «Ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի կազմակերպման մասնագետ» թեմաներով դասընթացներ:
Մասնակիցներն անցել են ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական պարապմունքներ՝ Սիրիայում ՌԴ ԶՈւ ականազերծողների փորձի հիման վրա:
Հիշեցնենք, որ մինչ այս՝ 2017 թվականի հունվարին, նշվում էր, որ Հայաստանի ԶՈւ զինծառայողները Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում լրացուցիչ մասնագիտական դասընթաց են սկսում, որը տևելու էր 2-3 ամիս: Չի բացառվում, որ սա կարող էր լինել արդեն երկրորդ խումբը, չնայած դա հաստատող կամ հերքող փաստեր չկան:
Ավելացնենք, որ 2016 թ. հունիսին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել էին Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնում ԱՊՀ երկրների զինված ուժերի համար մասնագետների պատրաստման վերաբերյալ համաձայնագիր: