Վիգեն Սարգսյանն այցելել է ՊՆ 3-րդ բանակային կորպուսի մարտական հենակետերից մեկը

Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի ուղեկցությամբ այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է Տավուշի մարզ

Նախարարին ուղեկցել է նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և բարձրաստիճան այլ սպաներ։ Նա դիտարկել է մարտական հերթապահության իրականացման պայմանները:

Պաշտպանության նախարարը ծանոթացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի աջակցությամբ մարտական հենակետերում և խրամախորշերում իրականացված լրակահավորման և վերամրակցման աշխատանքներին:

Վիգեն Սարգսյանը նաև եղել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում:

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ բնակիչների հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ սահմանամերձ համայնքները մշտապես պետության ուշադրության կենտրոնում են, և արվում է հնարավորը՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հենց այդ նպատակով է ստեղծվել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման միջգերատեսչական հանձնաժողովը:

ՀՀ ՊՆ ղեկավարն անդրադարձել է նաև «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել դրանց նպատակներն ու ակնկալվող արդյունքները:

«Առաջարկվող ծրագրերը մեծ առավելություն են տալու երիտասարդներին՝ թույլ տալով նրանց ծառայության ընթացքում ոչ միայն պահպանել մշտական կապը հարազատների հետ, այլև ստանալ ֆինանսական փոխհատուցում, միևնույն ժամանակ ծառայության տարիներն օգտագործել ի նպաստ իրենց ապագայի կառուցման: «Պատիվ ունեմ» ծրագիրը, որն այս օրերին բուռն քննարկումների առիթ է տվել, նաև այստեղ ներկա երեխաների համար է, ովքեր ապագայում, ծրագրի շնորհիվ, կարողանալու են պետության կողմից ամբողջությամբ փոխատուցված անվճար բարձրագույն կրթություն ստանալ և՛ բակալավրիատուրայում և՛ մագիստրատուրայոմ, ծառայել ոչ թե որպես շարքային, այլ որպես սպա 3 տարի ժամկետով, այնուհետև վերադառնալ իրենց քաղաքացիական կյանքին»,-  նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Սահմանամերձ համայնքի բնակչության հետ զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նրանց հարցերին, որոնք առավելապես վերաբերել են զորակոչային գործընթացի շրջանակում նախատեսվող փոփոխություններին:

Ներքին Կարմիրաղբյուր համայնք կատարած այցի ավարտին պաշտպանության նախարարը մասնակցել է նաև Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

Տավուշի մարզ այցի շրջանակում պաշտպանության նախարար ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մասնակցել է «Դպրոց կենտրոնների միության» նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների տնօրեններ՝ հանրապետության բոլոր մարզերից:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանն անդրադարձել է պաշտապանական համակարգում, մասնավորապես՝ «Զինապարտության մասին» օրենքով նախատեսվող հայեցակարգային փոփոխություններին, զորակոչային գործընթացի շրջանակում զորակոչիկներին տրվող մի շարք արտոնություններին:

Ի պատասխան հանդիպման մասանակիցներից մեկի այն մտահոգությանը, թե ինչու է նոր օրենսդրությամբ վերացվում 150 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող զորամասում ծառայելու արտոնությունը, պաշտպանության նախարարը փաստել է, որ նշյալ արտոնությունը առավելապես ձևական բնույթ է կրում, իսկ այժմ, նոր օրենսդրությամբ, նորովի կարգավորվում է զորակոչիկներին տրվող արտոնությունների գաղափարն ու բովանդակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *