ԱՄՆ զինուժը նպատակ չունի կռվել Սիրիայի կառավարական բանակի դեմ. ԱՄՆ պետքարտուղար

Սիրիայում ամերիկյան զինուժի նպատակն է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և ԱՄՆ-ն չի ձգտում ռազմական բախումների գնալ Սիրիայի կառավարական բանակի և նրանց աջակցող ուժերի դեմ: Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը՝ արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովի լսումների ժամանակ:

«2001-ին հռչակված ռազմական ուժի կիրառման լիազորությունները նաև թույլ են տալիս օգտագործել անհրաժեշտ և համապատասխան ուժ Միացյալ Նահանգները պաշտպանելու համար, կոալիցիան և դաշնակից ուժերը ներգրավված են Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարում:

Սիրիայում ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ջանքները ուղղված են «Իսլամական պետությանը» ոչնչացնելուն: ԱՄՆ-ն չի ձգտում կռվել Սիրիայի կառավարական և պրոիշխանական ուժերի հետ: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի հապաղի օգտագործել անհրաժեշտ ուժը Նահանգներին, կոալիցիային կամ էլ ԻՊ դեմ պայքարում ընդգրկված դաշնակիցներին պաշտպանելու համար», – հայտարարել է Թիլլերսոնը:

ԻՊ դեմ պայքարում ընդգրկված դաշնակիցներ ասելով՝ Թիլլերսոնը, ըստ երևույթին, նկատի ունի արաբա-քրդական ուժերին, որոնց աջակցում Սիրիայում ԻՊ  հետ բախումներում:

Նշենք, որ նույն օրը Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ռաքքան շարունակվում է օկուպացված մնալ ԱՄՆ-ի և նրանց աջակցությամբ գործող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման կողմից: Հայտարարությունը փոխանցում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

Հոկտեմբերի 17-ին, շուրջ 5 ամսվա մարտերից հետո, ԱՄՆ աջակցությամբ գործող SDF խմբավորումը կարողացել է վերահսկողություն հաստատել «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետերից Ռաքքա քաղաքի վրա: Քաղաքի ազատագրման համար քրդական ուժերին լայն աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ն և նրա գլխավորած միջազգային կոալիցիան: ԻՊ դիրքերի ուղղությամբ պարբերաբար հասցվում էին ավիահարվածներ, քաղաքի ուղղությամբ աշխատում էր նաև ԱՄՆ ծովային հետևակի հրետանին:

Նշենք, որ ներկայում քրդական ուժերը շարժվում են Դեր Զոր նահանգի ուղղությամբ, որտեղ ԻՊ զինյալերի դեմ մարտեր է մղում նաև Սիրիայի կառավարական բանակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *