Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, շուրջ 5 ամսվա մարտերից հետո ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Ռաքքա քաղաքը:
SDF-ի մամուլի խոսնակ Թալալ Սելլոն հայտնել է, որ Ռաքքայում ռազմական գործողությունն ավարտվել է, և այժմ ընթանում են մաքրման աշխատանքներ՝ ականների հեռացման և հնարավոր թաքնված խմբերի որոնման համար. փոխանցում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:
Վերջին օրերին քրդական ուժերը սեղմել էին շրջափակման օղակը՝ քաղաքում թողնելով մոտ 200-ից մինչև 400 արտասահմանցի զինյալ, որոնք հրաժարվել էին նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությամբ լքել քաղաքը:
Այնուհետև, այսօր առավոտյան SDF-ի ուժերը ԻՊ-ից կարողացել էին մաքրել Ռաքքայի հոսպիտալը և քաղաքի մարզադաշտը, որտեղ էլ կենտրոնացել էին քաղաքում մնացած ահաբեկիչների վերջին խմբերը:
Moments of joy in Raqqa where ISIS was once more defeated by YPG-led SDF and US-led Coalition @hawarnews @CENTCOM pic.twitter.com/qrFsjZD8EG
— Mutlu Civiroglu (@mutludc) October 17, 2017
Այս տարվա հունիսից մեկնարկած ազատագրման գործողությունների ամբողջ ընթացքում քրդական ուժերին լայն աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ն և նրա գլխավորած միջազգային կոալիցիան:
ԻՊ դիրքերի ուղղությամբ պարբերաբար հասցվում էին ավիահարվածներ, քաղաքի ուղղությամբ աշխատում էր նաև ԱՄՆ ծովային հետևակի հրետանին: Այս ընթացքում ԱՄՆ-ն շարունակում էր նաև սպառազինության, զինտեխնիկայի մատակարարումները քրդական ուժերին:
Ռաքքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենարանն էր Սիրիայում: ԻՊ զինյալներրը քաղաքը գրավել էին դեռևս 2014-ին և հռչակել էին այսպես կոչված «Իսլամական խալիֆայության մայրաքաղաք»:
Ռաքքայի «ճակատից» բացի Իսլամական պետությունը շարունակում է տարածքներ կորցնել Սիրիայում իր վերջին հենակետ Դեր Զորի նահանգում: Այդ ուղղությամբ ՌԴ ԶՈւ աջակցությամբ առաջ են շարժվում Սիրիայի կառավարական ուժերը: Հոկտեմբերի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարը հավելել էր, որ ռազմական գործողությունները Սիրիայում մոտենում են ավարտին: