Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը, դուրս գալով Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփի գավառում տեղակայված «Հաբուր» անցակետից, անցել են Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքներում գտնվող «Իբրահիմ Խալիլ» անցկակետ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ «Իբրահիմ Խալիլ» անցակետի վրայից հանվել է Իրաքյան Քրդստանի դրոշը և դրա փոխարեն բարձրացել է Իրաքի դրոշը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ այս իրադարձությունների ֆոնին, հոկտեմբերի 31-ի առավոտվանից սկսած անցակետերը փակվել են և թուրք-իրաքյան սահմանով ելքն ու մուտքը արգելվել է ժամանակավորապես:
Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ Իրաքի կենտրոնական ղեկավարության և Իրաքյան Քրդստանի ղեկավարության ներկայացուցիչները մի քանի օր է քննարկում են Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղակայված անցակետերի վերահսկողությունը Իրաքի կառավարական ուժերին հանձնելու հարցը:
Թուրքիայի և Իրաքի ԶՈւ ստորաբաժանումները, Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անմիջապես հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, համատեղ վարժանքներ են սկսել Հաբուր անցակետից 3 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներում:
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ հեռանալու է պաշտոնից նոյեմբերի 1-ին, իսկ նախագահական ընտրություններն էլ 8 ամսով երկարաձգվում են: Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի խորհրդարանը որոշել էր 8 ամսով սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները: Հոկտեմբերի 27-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հրամայել է քրդերի դեմ ռազմական գործողությունները 24 ժամով դադարեցնել:
Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ զինված բախումներ սկսվեցին, երբ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը քրդական ուժերին դուրս մղեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուքից, ապա բախումներ սկսվեցին Սինջարի լեռների ուղղությամբ, Սիրիա-իրաքյան սահմանին և Քիրքուքից հյուսիս: Բախումները ապա շարունակվել են Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի սահմանային անցակետերի հատվածում: