Հոկտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Իրանի և Ադրբեջանի պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստին մասնակցելու համար Բաքու է մեկնել Իրանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակություն՝ փոխնախարարի գլխավորությամբ։
Այս մասին տեղեկացնում է Իրանի ՊՆ կայքը։
Իրանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նիստն անցկացվել է երկու երկրների պաշտպանական, ռազմական համագործակցության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Իրանական պատվիրակությանը Բաքվում ընդունել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
2015թ. ապրիլին Իրանի պաշտպանության այժմ արդեն նախկին նախարար Հոսեյն Դեհղանը մեկնել էր Բաքու։ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել էին նաև պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցը։