ՊՆ-ն քննարկում է բանակի սննդի մի մասի արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հարցը

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՊՆ-ն այսօր աշխատում է տեղական արտադրողից գնվող ապրանքների ծավալի մեծացման, նույնիսկ սննդի արտադրության մի մասը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու ուղղությամբ: Բայց օրենքով տեղական արտադրողին առավելություն չի տրվելու, քանի որ դա կարող է ազդել որակ-գին հարաբերակցության վրա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 23-ին Պաշտպանության հանձնաժողովին առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր տարեկան ավելացնել տեղական արտադրողից գնվող ապրանքների ծավալը: Առաջարկը 3 «դեմ», 2 «կողմ» ձայների հարաբերակցությամբ մերժվել էր:

Հոկտեմբերի 24-ին նույն հարցը Էդմոն Մարուքյանը բարձրացրեց ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ: Ի պատասխան այն հարցի, թե ինչու առաջարկը մերժվեց՝ պաշտպանության նախարարը նշեց. «Չկա ոչ մի ավելի վատ բան, քան պաշտպանված ներքին արտադրողը առանց մրցակցության, արդյունավետության առումով լինել չի կարող լինել»:

Նախարար Վիգեն Սարգսյանը նշում է, որ, առանց օրենքի սահմանափակման էլ, այօսր ՊՆ-ն աշխատում է տեղական արտադրողից գնվող ապրանքի ծավալների մեծացման ուղղությամբ.

«Եթե որևէ ապրանք արտադրվում է ավելի էժան գնով, ավելի բարձր որակով այլ տեղում, [ապա] մենք պետք է հասկանանք, [թե] մեր զինված ուժերի բյուջեն ինչպիսի առաջնահերթությամբ ենք ծախսում: Մենք ամեն ինչ անում ենք որպես պաշտպանության նախարարություն, որպեսզի մեր արտադրողը լինի մրցունակ: Այս օրերին մենք շատ հստակ աշխատում ենք սահմանամերձ համայնքների հետ, մեր բանակի համար մատուցվող մի շարք ծառայություններ, սահմանամերձ համայնքներ տեղափոխելու համար: Ոչ թե ուղղակի տեղական արտադրող, այլ տեղական արտադրող, որը նաև ավելի խոցելի խմբի է [պատկանում]», – նշեց նախարար Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը նշում է, որ իրենք շարունակելու են աշխատել սահմանամերձ համայնքների հետ, բայց կրկին՝ դա չի լինելու որակի և մրցակցության հաշվին:

«Մենք այսօր բաց քննարկում ենք բանակին մատակարարվող որոշ սննդամթերքի արտադրությունը սահմանամերձ մարզեր տեղափոխելու հնարավորությունը, այդ թվում՝ արտադրողների մրցույթը հաղթած ընկերությունների հետ և տեղի գործարարների հետ: Մենք այդ քաղաքականությունը շարունակելու ենք: Բայց անիմաստ է փնտրել օրենքում մի բան, որը պետք է լինի պարտավորեցնող, գին-որակ հարաբերակցությունից վեր: Գնումների տրամաբանությունը դրա մեջ է. Դու պետք է գտնես ամենաորակյալ բանը, ամենամրցակցային գնով», – նշեց Վիգեն Սարգսյանը:

Ավելացնենք, որ Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պաշտպանության մասին» օրենքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *