Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում՝ Իրաքին ամիջապես սահմանակից շրջանում, զինվորական մեքենայի պայթեցման արդյունքում սպանվել է 1 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Դեպքը եղել է Չուքուրջա գավառում: Ըստ թուրքական կողմի՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ճանապարհին տեղադրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները: Թուրք ուժայինները գործողություններ են սկսել PKK-ի մարտիկների դեմ:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ից սկսած քուրդ զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով Հաքքարի նահանգը հայտարարվել է «անվտանգության հատուկ գոտի»: Այդ ռեժիմը տարածվում է Չուքուրջա, Շեմդինլի, Յուքսեքովա գավառների մի շարք շրջանների վրա:
Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալերի բախումները հարաբերական դադարից հետո վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: PKK-ի դեմ գործողություններին ներգրավված են թուրքական զինուժը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ նշանակության ուժերը:
Միևնույն ժամանակ, թուրքական օդուժը ինտենսիվորեն ռմբակոծում է Իրաքի հյուսիսում տեղակայված PKK-ի ճամբարները: