Սիրիան և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ռազմական համագործակցության զարգացման շուրջ

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Սիրիայի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Ալի Այուբը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ երկու երկրների զինված ուժերի համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հոկտեմբերի 21-ին տեղեկացնում է սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։

Հուշագիրը ստորագրվել է Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ Սիրիա այցի ավարտին։

«Ահաբեկչության դեմ պայքարի և ամերիկա-սիոնիստական ծրագրերին դիմակայելու համար»  հուշագրով մասնավորապես նախատեսվում է համագործակցության խորացում հետևյալ ուղղություններով՝

  • փորձի փոխանակում,
  • նախապատրաստում մարտական գործողություններ վարելուն,
  • հետախուզական տվյալների փոխանակում,
  • տեխնիկական հետախուզություն և այլն։

Հիշեցնենք, որ Իրանի ԶՈւ ԳՇ պետը հոկտեմբերի 17-ին մեկնել էր Սիրիա։ Այցի ընթացքում նա հանդիպել էր Սիրիայի իր պաշտոնակցի, այդ երկրի նախագահի, պաշտպանության նախարարի հետ։

Սիրիայի ԶՈւ ԳՇ պետ Ալի Այուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բաղերին նաև շեշտել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է հարգել և «Իրանը դեմ է, երբ որևէ երկիր կամ զինված ուժ մեկ այլ երկիր է մուտք գործում առանց այդ երկրի թույլտվության»։

Բաղերիի այս հայտարարությունը ամենայն հավանակությամբ ուղղված է Թուրքիային, ով, հակառակ Սիրիայի կառավարության ցանկության, զորքեր է տեղակայում Սիրիայի Իդլիբ նահանգում։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրանը Սիրիայի գլխավոր դաշնակիցներից է. Իրանը Սիրիային աջակցում է թե՛ ֆինանսապես, թե՛ ռազմական առումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *