Թուրքական «Բայքար» ընկերությունը Թուրքիայի զինված ուժերի սպառազինության է հանձնել ևս 8 միավոր «Բայրաքթար» (Bayraktar TB2) հարվածային անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ առաջին անգամ է, որ ընկերությունը զինուժին է հանձնում միանգամից 4 «Ջիրիթ» կամ MAM-L հրթիռներով համալրված «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նշենք, որ այդ հրթիռները արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունը: Այդ ԱԹՍ-ների՝ տեղական հրթիռներ արձակելու փորձարկումները ավարտվել է այս տարվա հուլիսին:
Նոր մատակարարումներով՝ Թուրքիայի ուժային կառույցներում այդ ԱԹՍ-ների քանակը հասավ 38-ի, որից 15-ը կազմում է ԱԹՍ-ի հարվածային տարբերակը: ԱԹՍ-ներից 26-ը գտնվում է Թուրքիայի զինված ուժերի սպառազինությունում, 6-ը ժանդարմերիայում, ևս 6-ն էլ անվտանգության գլխավոր տնօրինությունում (ոստիկանություն):
Նշենք, որ Թուրքիայի ուժայինները այս ԱԹՍ-ները օգտագործում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում:
«Բայրաքթար» ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը բանակին մատակարարվել էր 2014 թ., երկրորդը՝ 2015 թ.: Սակայն այդ ժամանակ ԱԹՍ-ները դեռևս սպառազինված չէին:
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մետր,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։