«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Հավիջան կորցնելուց հետո Իրաքում վերահսկում է 2.9 տոկոս տարածք՝ Անբարի արևմուտքում՝ Վերին Եփրատում, ալ-Կաիմում և Ռավայում։ Այս մասին հայտարարել են Իրաքի բանակի հրամանատարությունից։ Հոկտեմբերի 12-ին տեղեկացնում է Iraqinews լրատվակայքը։
Իրաքյան բանակը այժմ պատրաստվում է ազատագրել երկրում ԻՊ ձեռքում մնացած վերջին տարածքները։
Իրաքի բանակի հրամանատարությունից հայտնել են նաև, որ «Իսլամական պետության» վերջին հենակետերից Հավիջայի շրջանի ազատագրման գործողության ընթացքում սպանվել է 1316 ԻՊ զինյալ։
Նշենք, որ Հավիջայի շրջանը գտնվում է քրդերի վերահսկողության տակ գտնվող, նավթով հարուստ Քիրքուքի շրջանից հարավ-արևմուտք։ Վերահսկողություն հաստատելով Հավիջայի նկատմամբ՝ իրաքյան ուժերը մոտենում են Քիրքուքին։
Իրաքյան Քրդստանը արդեն քանիցս հայտարարում է, որ Իրաքի բանակը հարձակում է նախապատրաստում Քիրքուքի վրա և ուժեր է կենտրոնացրել Քիրքուքի մոտակայքում։ Քիրքուքը պաշտպանելու նպատակով քրդերը արդեն զորքեր են տեղակայել այնտեղ։
Իրաքյան կողմը պնդում է, սակայն, որ Քիրքուքում գործողություններ չի նախատեսում, և Հավիջայի գործողությունների շրջանակներում ընդամենը շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրել ազատագրված տարածքները։
Հավիջա քաղաքը Իրաքում «Իսլամական պետության» վերահսկած վերջին կարևոր բնակավայրերից էր: Քաղաքը «Իսլամական պետության» ձեռքում էր 2014 թվականից։ Հավիջայի ազատագրման գործողությունները սկսվել էին 2017-ի սեպտեմբերի վերջից։
«Իսլամական պետությունը» Իրաքում կորցրել է իր վերահսկած կարևոր տարածքների մեծ մասը: Վերջին մի քանի ամիսներին Իրաքի կառավարական բանակին հաջողվել է ԻՊ զինյալներից ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր: