Թուրքիայում ԱԹՍ-ն ավարտել է տեղական հրթիռներով փորձարկումները

Հուլիսի 29-ին Թուրքիայում ավարտվել է «Բայքար» ընկերության արտադրության «Բայրաքթար» (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարքից տեղական հրթիռներ արձակելու փորձարկումները։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

«Բայրաքթար» ԱԹՍ-ն մասնավորապես փորձարկումներ է անցել թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Ջիրիթ» կամ  MAM-L անվանումը ստացած հրթիռներով։

MAM-L հրթիռները համալրված են լազերային ուղղորդման համակարգով և նախատեսված են մինչև 8 կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների խոցման համար: Հրթիռների զանգվածը 22,5 կգ է, որից մարտագլխիկը՝ 10 կգ:

Ավելի վաղ՝ 2015-ի դեկտեմբերին, «Բայրաքթար» ԱԹՍ-ն վերջացրել է թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության UMTAS հակատանկային հրթիռների արձակման փորձարկումները:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը օգտագործում է «Բայրաքթար» ԱԹՍ-ի և՛ հարվածային, և՛ հետախուզական տարբերակները PKK-ի զինյալների դեմ գործողություններում։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ զինված ուժերի, ժանդարմերիայի, անվտանգության ծառայության սպառազինությունում առկա է 30 միավոր հետախուզական և հարվածային «Բայրաքթար» ԱԹՍ։

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․ 

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մետր,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *