Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը չի վերաբերում Արցախին. ՊՆ տեղակալ

Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը «նախատեսում է միայն ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում»: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով «համաձայնագիրն ինչքանով է առնչվում Արցախի սահմանների հետ» հարցին:

Նշենք, որ այժմ Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին  օրենքի նախագիծը։

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը նախատեսվում է միացյալ գործողություններ, որոշումների կայացում և զորքերի կիրառում , պլանավորում ՀՀ և ՌԴ-ի տարածքի նկատմամբ անմիջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։

«…Առանձին յուրաքանչյուր անգամ գնահատելով նրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, յուրաքանչյուր անգամ գնահատելով անվտանգության գոտին և դրանով պայմանավորված հնարավոր զարգացումները, համաձայնագրով նախատեսված է կանխարգելիչ գործողություններ ավելի բարդ զարգացումներ թույլ չտալու համար»,-մասնավորապես նշել է Արտակ Զաքարյանը:

Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի սորաբաժանումների մի մասը:

Համաձայնագիրը կնքվելու է 5 տարով և ժամկետի յուրաքանչյուր ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:

2016 թ. հուլիսից  միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2017-ի հուլիսին ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրի վավերացման մասին օրենքը:

Հայաստանը և Ռուսաստանն այս համաձայնագիրը ստորագրել են 2016թ նոյեմբերի 30-ին: Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ին  հավանության էր արժանացրել համաձայնագիրը վավերացնելու մասին որոշման նախագիծը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *