Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրի վավերացման մասին օրենքը: ՌԴ նախագահի ստորագրած փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատու կայքում։
Մինչ այս՝ 2017-ի հուլիսի 14-ին Ռուսաստանի Պետական Դուման էր վավերացրել նույն համաձայնագիրը: Իսկ ավելի վաղ՝ հունիսի 19-ին ՌԴ կառավարությունը հավանության էր արժանացրել համաձայնագիրը:
Իսկ հայկական կողմից ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ին հավանության էր արժանացրել համաձայնագիրը վավերացնելու մասին որոշման նախագիծը: Սակայն օրենքի նախագիծը դեռևս պետք է ներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հայաստանը և Ռուսաստանն այս համաձայնագիրը ստորագրել են 2016թ նոյեմբերի 30-ին: Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:
Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի սորաբաժանումների մի մասը:
Համաձայնագրի ժամկետը 5 տարով է և ժամկետի յուրաքանչյուր ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:
Զորախմբի մասին համաձայնագրի մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ: