Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի կազմի մեջ մտնում են ՀՀ ՊՆ ոչ թե 4-րդ, այլ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, ընդ որում՝ մտնում է ոչ թե ամբողջ կորպուսը, այլ դրա ստորաբաժանումների մի մասը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Օգոստոսին ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը հայտարարել է, թե միացյալ զորախմբի մեջ մտնում է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսը:
Արծրուն Հովհաննիսյանը շեշտել է, որ խաղաղ ժամանակ զորախմբի կառավարումն իրականացնելու է հայ հրամանատարը, իսկ պատերազմի ժամանակ՝ երկու երկրների գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ նշանակված անձը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշել է նաև, որ զորախումբը նոր չի ստեղծվում.
«Տվյալ զորախումբը վաղուց գոյություն ունի, վաղուց աշխատում էր, վաղուց իր խնդիրը կատարում էր, ուղղակի որոշակի իրավական, կազմակառուցվածքային վերափոխումներ են եղել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով ՌԴ նախագահին առաջարկում է հայկական կողմի հետ կնքել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը»: Զորախմբի մասին համաձայնագրի, դրա անհրաժեշտության մասին կարող եք ընթերցել այստեղ:
Ավելացնենք, որ 2016 թ. հուլիսից միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info