Թուրքիան և Իրաքը խաղարկել են զրահատեխնիկայով հարձակման առաջադրանք

Թուրք-իրաքյան սահմանին՝ Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց, շարունակվում է սեպտեմբերի 18-ին մեկնարկած զորավարժությունը, որին ներգրավվել են նաև Իրաքի ԶՈւ զինծառայողներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Զորավարժության 10-րդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, Թուրքայի և Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները խաղարկել են զրահատեխնիկայով «որոշված թիրախի ուղղությամբ հարձակման անցնելու գործողություններ»:

Թուրք-իրաքյան զորավարժություն՝ քրդերի վերահսկած տարածքների դիմաց. սեպտեմբեր 2017 թ.

Թուրք-իրաքյան զորավարժություն՝ քրդերի վերահսկած տարածքների դիմաց. սեպտեմբեր 2017 թ.

Դատելով նրանից, որ զորավարժությունը հենց քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց է՝ շուրջ 3 կմ հեռավորության վրա, անկասկած «որոշված թիրախը» հենց Իրաքի քրդական ուժերն են:

Թուրքիան և Իրաքը կտրականապես դեմ են Իրաքյան Քրդստանի անկախացմանը և չեն ընդունում սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքները: Երկու երկրներն էլ պատարստվում են մի շարք պատժամիջոցներ կիրառել քրդերի դեմ՝ խոսելով նաև հնարավոր ռազմական գործողությունների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *