Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի հետ Հաբուր սահմանային անցակետն այս պահին աշխատում է, բայց օրակարգում այն փակելու հարցը կա: Նախարարի հայտարարությունը փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրք նախարարը նշել է, որ Իրաքը չի ճանաչում և հակասահմանադրական է համարում Իրաքյան քրդերի հանրաքվեն: Թուրքիան համագործակցության շրջանակներում քննարկում է քրդերի հետ սահմանային անցակետը փակելու հարցը:
Թուֆենքչին նաև ավլացրել է, որ այս պահին Հաբուր անցակետով շարժը զգալիորեն նվազել է: Նա հավելել է, որ, ինչպես նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատժամիջոցների ցանկում քննարկվում է նաև նավթի «փականը» փակելու հարցը և մի շարք այլ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեն՝ անկախ արդյունքից: Թուրքիայի նախագահը սպառանցել է դադարեցնել նավթի արտահանումը իրաքյան քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից Թուրքիա, ինչպես նաև չի բացառել հնարավոր ռազմական գործողությունները:
Ավելացնենք, որ այս պահին քրդերի վերահսոկղության տակ գտնվող տարածքների դիմաց զորավարժություն են անում թուրքիայի և Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները: Վարժանքները անցկացվում են հենց Հաբուր սահմանային անցակետի դիմաց:
Հավելենք, որ Իրանն արդեն իսկ Իրաքի խնդրանքով փակել է օդային և ցամաքային կապը Իրաքյան Քրդստանի հետ: