Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի ԱԳն տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեի արդյունքները ցանկացած դեպքում անօրինական և անհիմն են: Թուրքիան չի ճանաչի դրանք, քանի որ «այդ նախաձեռնությունը զուրկ է ցանկացած տեսակի օրինական հիմքից և լեգիտիմությունից»: Հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում:
Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, որ հանրաքվեն անօրինական է թե՛ միջազգային իրավունքի, թե՛ Իրաքի սահմանադրության տեսանկյունից: Նշվում է, որ Թուրքիան «ցավով է ընդունում» Իրաքյան Քրդստանի որոշումը, որը տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը վտանգի տակ կդնի:
Հաղորդագրությունում կարմի թելի նման անցնում է այն ուղերձը, որ Թուրքիան «իրավունք ունի ռազմական գործողություններ սկսել քրդերի դեմ»՝ դրա համար ունենալով միջազգային իրավունքից և Թուրքիայի խորհրդարանից ստացած հիմքեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի խորհրդարանը զինուժին հերթական անգամ իրավունք էր տվել ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի և Սիրիայի տարածքում։