Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում որոշվեց ևս մեկ տարով երկարաձգել երկրի զինված ուժերի՝ երկրից դուրս՝ Իրաքում և Սիրիայում, ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Խորհրդարանում մանդատի երկարաձգմանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, «Հանրապետ-ժողովրդական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները, դեմ է քվեարկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրտական կուսակցության» (HDP) պատգամավորները:
Այս մանդատով՝ Թուրքիայի զինված ուժերը իրավունք են ստանում «երկրի անվտանգությանը ուղղված սպառնալիքների չեզոքացման, հակաահաբեկչական պայքարի, Իրաքի և Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների հարձակումները խոչընդոտելու նպատակով» Թուրքիայի տարածքից դուրս գործողություններ իրականացնել և սեփական տարածքը տրամադրել այլ պետություններին:
Մինչ այս, գործող մանդատի ժամկետը լրանում էր այս տարվա հոկտեմբերի 30-ին: Վերջին անգամ այն երկարաձգվել էր 2016-ի հոկտեմբերին:
Մանդատի երկարաձգումը նաև պայմանավորված է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության՝ սեպտեմբերի 25-ին հայտարարած անկախության հանաքվեի հետ: Թուրքիայի, Իրաքի ու Իրանի իշխանությունները, դեմ են անկախության հանրաքվեին:
Սեպտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստից հետո արված հայտարարությունում Իրաքյան Քրդստանի իշխանություններին կոչ է արվել հրաժարվել անկախության հանրաքվեի անցկացումից: Դրանում նշվում է, որ հանրաքվեի անցկացման դեպքում Թուրքիան կպաշտպանի «երկկողմանի և միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով իր տրված իրավունքները»: Փոխանցում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը: Թուրքիայի իշխանությունները մի քանի անգամ բացահայտ կերպով սպառնացել են ուժ գործադրել հանրաքվեի անցկացման դեպքում:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիա է ժամանել Իրաքի ԶՈւ ԳՇ պետը և հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին: Կողմերը քննարկել են Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի հարցը: Բացի այդ, հոկտեմբերի 4-ին սպասվում է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի այց Իրան: Այս մասին հայտարարել է Էրդողանը սեպտեմբերի 22-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Էրդողանը նաև հայտարարել է, որ իր այցից առաջ Իրան կմեկնի նաև Թուրքիաի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը: Այցերի և հանդիպումների օրակարգում հիմնականում լինելու են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին և սիրիական ճգնաժամին առնչվող հարցեր:
Սրան զուգահեռ, Թուրքիայի զինուժը սեպտեմբերի 18-ից զորավարժություն է սկսել թուրք-իրաքյան սահմանին՝ Հաբուր անցակետի շրջանում՝ սրանով իսկ բացահայտ ուժի ցուցադրություն իրականացնելով:
Հիշեցնենք, որ Թուրքիան երկրի զինված ուժերին թույլատրում է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում՝ սկսած 2007 թվականից, իսկ Սիրիայում՝ 2012-ի հոկտեմբերից:
Այս մանդատի միջոցով Թուրքիան 2016-ի օգոստոս – 2017-ի մարտ ամիսներին գործողություններ իրականացրեց Սիրիայում, և ներկայում Թուրքիայի բանակն ու դրան աջակցող խմբերը Սիրիայի հյուսիսում վերահսկում են մոտ 2000 քառ. կմ տարածք: