Իրանի, Թուրքիայի, Իրաքի արտգործնախարարները դեմ են արտահայտվել Քրդստանի անկախացմանը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում եռակողմ հանդիպում են ունեցել Իրանի, Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն և Իբրահիմ ալ-Ջաֆարին։ Հանդիպման ավարտին երեք երկրների նախարարները Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրենց համատեղ հայտարարությունում արտգործնախարարները դեմ են արտահայտվել Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանը և վերահաստատել Իրաքի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանման անհրաժեշտությունը։

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով

Արտգործնախարարները հայտարարել են նաև, որ Իրաքի Քրդստանի անկախացումը կարող է վտանագավոր լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրաքի ունեցած ձեռքբերումների համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Իրանում հանդիպել են Իրաքի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Անվար Ամինը և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։

Հանդիպմանը հրամանատարները անդրադարձել են Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեին, շեշտել, որ դրա անցկացումը բացասական ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա։

Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել էր, որ Իրանը ճանաչում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, և եթե Իրաքի Քրդստանը անկախանա, ապա Իրանը կփակի նրա հետ ընդհանուր սահմանը։

Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հրավերով Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին մեկնել էր Թուրքիա։ Թուրքիայում Բաղերին հանդիպումներ էր ունեցել այդ երկրի նախագահի և բանակի հրամկազմի հետ։

Հանդիպումների ավարտին Բաղերին հայտարարել էր, որ Իրանն ու Թուրքիան դեմ են Իրաքի քրդերի անկախության հանրաքվեի անցկացմանը, քանի որ այն կարող է Իրաքի ներսում լարվածության և հակամարտության հիմք հանդիսանալ, որի հետևանքները տարածվելու են նաև հարևան երկրներում։

Բաղերիի խոսքերով՝ Թուրքիայի և Իրանի համար հանրաքվեի անցկացումը անընդունելի է և չպետք է տեղի ունենա։

Հիշեցնենք նաև, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին։ Միաժամանակ Իրանը նույնպես երկրի հյուսիսում ակտիվ պայքար է մղում քրդական ընդդիմադիր խմբավորումների դեմ, որոնք մեծամասամբ PKK-ի ճյուղավորումներ են։

Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2017-ի սեպտեմբերի 25-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *