Իրաքի Քրդստանի անկախացման դեպքում Իրանը կփակի նրա հետ ընդանուր սահմանը

Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե այն անկախանա Իրաքի կենտրոնական իշխանություններից։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ Սեպտեմբերի 17-ին տեղեկացնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։

«Սահմանային համաձայնագրերը գործում են բացառապես Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, իսկ Քրդստանի առանձնացումը Իրաքի կենտրոնական իշխանություններից կնշանակի ընդհանուր սահմանին եղած բոլոր անցակետերի փակում»,- ասել է Շամխանին։

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով

Անդրադառնալով Իրաքի Քրդստանի և Իրանի միջև եղած ռազմական և անվտանգության ոլորտներին վերաբերող համաձայնագրերին` Շամխանին հայտարարել է, որ եթե Քրդստանը անկախանա, ապա այդ համաձայնագրերը չեղյալ կհամարվեն։

Ըստ Շամխանիի՝ Իրանը ճանաչում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, իսկ  Քրդստանի անկախացումից հետո իր սահմանները պաշտպանելու համար նոր մոտեցում կորդեգրի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հրավերով Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին մեկնել էր Թուրքիա։ Թուրքիայում Բաղերին հանդիպումներ էր ունեցել այդ երկրի նախագահի և բանակի հրամկազմի հետ։

Հանդիպումների ավարտին Բաղերին հայտարարել էր, որ Իրանն ու Թուրքիան դեմ են Իրաքի քրդերի անկախության հանրաքվեի անցկացմանը, քանի որ այն կարող է Իրաքի ներսում լարվածության և հակամարտության հիմք հանդիսանալ, որի հետևանքները տարածվելու են նաև հարևան երկրներում։

Բաղերիի խոսքերով՝ Թուրքիայի և Իրանի համար հանրաքվեի անցկացումը անընդունելի է և չպետք է տեղի ունենա։

Հիշեցնենք նաև, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին։ Միաժամանակ Իրանը նույնպես երկրի հյուսիսում ակտիվ պայքար է մղում քրդական ընդդիմադիր խմբավորումների դեմ, որոնք մեծամասամբ PKK-ի ճյուղավորումներ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *