ԱՄՆ-ում ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են կառույցի ընթացիկ աշխատանքները

Սեպտեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպման ժամանակ կարևորել է ՄԱԿ-ի դերակատարության առավել բարձրացումը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, կայուն զարգացման նպատակների իրագործման, ահաբեկչության և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղություններով։

Նա Հայաստանի աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ներկայացվելիք մի շարք համատեղ նախաձեռնություններին։

Հանդիպման արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություններ ընդունել են «Աշխարհում համապարփակ կայունության ապահովման մասին», «Միջազգային ահաբեկչությանը հակազդեցության մասին», «Աֆղանստանում իրավիճակի և երկրի հյուսիսային մարզերում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուժեղացման վտանգի մասին»։

Արտգործնախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստի որոշումների կատարման ընթացքին և քննարկել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը և ժամանակացույցը։

Նշենք, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը 2017-ի հունիսին հայտնել էր, որ ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի առաջարկությամբ աշխատանքներ է իրականացնում ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ: Ստորաբաժանումը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին:

Այդ զորախումբն, ըստ Սեմերիկովի, կարողանալու էր տեղակայվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս՝ այլ պետությունների տարածքում և մասնակցել ՄԱԿ ԱԽ մանդատով անցկացվող խաղաղապահ առաքելություններին: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն ունեն 3500 հոգանոց անձնակազմ, որից 800-ը՝ ոստիկանական:

Ավելի վաղ՝ 2017-ի մայիսին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել էր, որ կազմակերպությունը բանակցում է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձևակերպման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *