Իրաքի կառավարական բանակը սկսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Քիրքուքից արևմուտք ընկած Հավիջա քաղաքը ազատագրման գործողությունը: Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին, փոխանցում է Reuters գործակալությունը:
Հավիջա քաղաքը Իրաքում «Իսլամական պետության» վերահսկած վերջին կարևոր բնակավայրերից է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ԻՊ զինյալները Հավիջա քաղաքի մոտակայքում հարձակվել էին Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաբազաների մեկի վրա:
«Իսլամական պետությունը» Իրաքում կորցրել է իր վերահսկած կարևոր տարածքների մեծ մասը: Վերջին մի քանի ամիսներին Իրաքի կառավարական բանակին հաջողվել է ԻՊ զինյալներից ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր:
Սրան զուգահեռ «Իսլամական պետությունը» կորցրել է նաև Սիրիայում իր վերահսկած տարածքների մեծ մասը:
Նշենք, որ Քիրքուք նահանգը Իրաքի նավթով հարուստ շրջաններից մեկն է: Այն քրդական Փեշմերգեի վերահսկողության տակ է անցել 2014 հունիսի 12-ին՝ հունիսի 11-ին ԻՊ ահաբեկիչների ներխուժման փորձը ձախողելուց հետո: